ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։

Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար արդեն լրացվում են հասցեական քարտեր։ Հանձնարարականից հետո «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ արդեն լրացվել է 6300 հասցեական քարտ։ Այս մասին ՀՀ փոխվարչապետին զեկուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ՀՀ կառավարության նիստում։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր աշխատանքների ողջ ընթացքում համագործակցելով ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության եւ պետական այլ կառույցների հետ եւ օպերատիվ կերպով տեղեկատվություն փոխանակելով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Զվարթնոց»-ում ծանոթացել է վիրուսի կանխարգելման վերահսկողական աշխատանքների ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը ,,Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է վիրուսի կանխարգելման վերահսկողական աշխատանքների ընթացքին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար #Հակոբ_Ավագյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել օդանավակայանում:

Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում:

Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորների համար (անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ) պետք է լրացվեն հասցեական քարտեր, որոնցում նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:

Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին։

Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում եւ մանկապարտեզներում. ԱԱՏՄ հորդորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

Մասնավորապես․

  • Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում,
  • Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն,
  • Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին,
  • Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ),
  • Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը կամ հոսպիտալացվում է։

Միաժամանակ, պետք է նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ․

  • Երեխաների բացակայության ժամանակ սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տեւողությամբ,
  • Սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ,
  • Երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը։
  • առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: