ԱԱՏՄ ղեկավարը՝ վերահսկողական աշխատանքների մասին «Հեռանկարի» տաղավարում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը փետրվարի 24-ին «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԱԱՏՄ գործառույթների, հարուցված վարույթների, սահմանային վերահսկողության և այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

 

Սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր՝ ԱՀԿ աջակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ փետրվարի 18-20-ին գնահատվել են «Զվարթնոց» օդանավակայանի եւ դրա տարածքում գործող պետական մի շարք կառույցների կարողությունները։

Գործընթացի շրջանակում գնահատվել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հզորությունը։ Նպատակն է՝ ստանալ վերջնական պատկեր, թե որքանով են այս կառույցները պատրաստ արձագանքելու առօրյա հարցերին եւ արտակարգ իրավիճակներում։

Միջազգային առողջապահական կանոնների (ՄԱԿ) շրջանակներում երկրի հիմնական կարողությունների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում սահմանային անցակետերի աշխատանքը՝ ուղղված հանրային առողջության տեսանկյունից կարեւոր իրադարձությունների պատշաճ կանխարգելմանը, հայտնաբերմանը եւ արձագանքմանը։

2016թ․եւս իրականացվել է միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների արտաքին համատեղ գնահատում, ինչի արդյունքում մասնագիտական խումբն առաջարկել է հզորացնել մի շարք կարողություններ, որոնց թվում նաև՝ սահմանային անցակետերը։

ԱՀԿ մասնակից պետություններին աջակցելու նպատակով սահմանային անցակետերում առօրյա և արտակարգ իրավիճակների դեպքում կարողությունները գնահատելու, զարգացնելու, ամրապնդելու և պահպանելու համար ԱՀԿ-ն մշակել է օդանավակայանների, նավահանգիստների և ցամաքային անցակետերի գնահատման գործիք։

2019-ի հուլիսին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ գնահատման գործիքի արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստում են անցել ՀՀ-ից 2 մասնագետ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ և ՄԱԿ ազգային համակարգող Լիլիթ Ավետիսյանը։

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար․ Վարչապետ

Կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է՝

1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար։