Կրկնակի ստուգայցերն առավել քիչ խախտումներ են արձանագրում, իսկ արձանագրելիս առավել լուրջ միջոցներ են կիրառվում․ ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է:

Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:

ԱԱՏՄ աշխատակիցները զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ. տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանված կանոնների ճշգրիտ պահպանմանը:

ԱԱՏՄ-ն այսօր նաև 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը:

Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսավարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։ ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին ևս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր:

Տնտեսավարողը նաև չի իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, չի ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Աշխատողները չեն ունեցել անհատական հանդերձապահարաններ, խախտվել է յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու պահանջը:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնախախտումների դեպքում կկիրառվեն վարչական առավել լուրջ միջոցներ։

 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցման աշխատանքներ է իրականացրել ՀՀ պարետի սահմանած կանոնները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում

Կասեցման այսօրվա ցանկում են, մասնավորապես, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, «Սիթի» ՍՊԸ-ն, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ 24 ժամով արգելվել է նաև բժշկական լաբորատորիայի և մի շարք այլ գրասենյակների, սուպերմարկետների, խանութների գործունեությունը: Կասեցումներ իրականացվել են հանրապետության ողջ տարածքում:

Հիշեցնենք՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

 

 

Մի քանի տասնյակ կասեցում` Սյունիքում

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները պարետի որոշման համաձայն կասեցրել են Սյունիքի մարզի քաղաքներում գործող մի քանի տասնյակ տնտեսավարողի գործունեությունը։

Դրանց թվում են Կապանի բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական կաբինետը, հաշվապահական գրասենյակ` Սիսիանում, մանրածախ առեւտրի կենտրոններ եւ այլ ոլորտների տնտեսավարողներ այս քաղաքներում եւ Մեղրիում։

Խախտումները մարզում նվազման միտում ունեն։