ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր շրջել եւ դիտարկում են իրականացրել Էջմիածին քաղաքում

Տեսուչներն արձանագրել են թերացումներ:

Մասնագետները ստուգում են կետ առ կետ՝ ջերմաչափման գրանցամատյաններ, սոցիալական հեռավորության պահպանման գծանշումներ, նույնիսկ հոսող ջրի առկայություն:

Դիտարկումների սկզբնական շրջանում թերությունները շատ են եղել, հիմնականում դիմակներ չեն կրել, այժմ պատկերը զգալիորեն փոխվել է:

ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման պետ Գնել Սարգսյանի խոսքով` դրան հնարավոր է եղել հասնել լայնածավալ դիտարկումների եւ իրազեկման միջոցառումների շնորհիվ:

 

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակում է․ վերջին մեկ ամսում խախտումները զգալիորեն նվազել են


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առևտրի մեծ ու փոքր կենտրոնններում և այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Եթե շուրջ մեկ ամիս առաջ արձանագրված խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում մոտավորապես ամեն երրորդ տնտեսավարողի մոտ կազմված արձանագրությունը, ապա հիմա մոտավորապես ամեն տասներորդ տնտեսավարողի վերաբերյալ է կասեցման միջնորդություն ուղարկվում։ Մայրաքաղաքում արձանագրված այս պատկերին մոտ է նաև մարզերում դիտարկվող իրավիճակը։

Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ կուտակումները, հերթերի թերի կառավարումը, ախտահանման և ջերմաչափման խնդիրները։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

 

Բանկեր և փոստային մասնաճյուղեր․ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերն ու կասեցումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։

ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության և փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։

Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաև մարզերում, մասնավորապես, նաև Գյումրի քաղաքում։

ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցմանը նախորդում են իրազեկման և մշտադիտարկման աշխատանքներ։ Լայնածավալ անակնկալ ստուգայցեր են տարվում ողջ հանրապետությունում՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրի օբյեկտները, արտադրությունները, գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները և ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողները։ Վերջինների կողմից անվտանգության նորմերի չպահպանման վերաբերյալ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով եւս եղել են հարյուրավոր կասեցումներ։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը, քանի որ դրանով է պայմանավորված կորոնավիրուսի հետագա տարածման կանխումը։ Խախտումերի համար սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման համար՝ առավել լուրջ։