Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև մեկ լաբորատորիայի աշխատանքը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Երևանի Ավան վարչական շրջանում։ Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։ Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։

Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները։ Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

 

ԱԱՏՄ-ն այսօր մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզում

Տնտեսվարողների կողմից խախտումները նվազել են, բայց կան պարետատան կողմից սահմանված կանոնների չկատարման նույնիսկ կրկնախախտումների դեպքեր։
Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Անակնկալ ստուգայցեր եւ կասեցումներ․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության եւ ատամնաբուժական կենտրոններ։

ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն իրականացվում են սահմանված ձեւաչափով, որում կետ առ կետ արձանագրվում է՝ պատշաճ կերպո՞վ են արդյոք իրականացվում ախտահանման, ջերմաչափման ու դրանց արդյունքների գրանցման աշխատանքները, առկա՞ են արդոք փակվող աղբամաններ եւ գծանշումներ, պահպանվո՞ւմ է սոցիալական հեռավորությունը, առկա՞ են գծանմուշներ եւ այլն։ Ակտիվ ստուգայցերը շարունակվում են նաեւ մարզերում եւ մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում։ Իսկ նախորդ օրերին ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաեւ կասեցումները, ինչպես սահմանված է ՀՀ պարետի որոշմամբ։

Այսօր, ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների, ժամանակավորապես կասեցվել է նաեւ Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Նախորդիվ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այստեղ արձանագրել էր հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսների ախտահանման, ոսկու շուկայի տարածքում՝ սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, իրազեկման պաստառների փակցման եւ այլ թերություններ։ Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։

Ստուգայցերին հաջորդող կասեցումները շարունակվում են նաեւ մարզերում։

ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված կանոնները։ Չպահպանելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։