Նոր գործառույթ՝ սահմանին․ ՀՀ ԱԱՏՄ թիմը համալրվել է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։

Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։

Որոշ ուղղություններով դեպի ՀՀ չվերթերի վերականգնումն այս աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտություն էր առաջացրել, ինչը նկատի առնելով եւ հրատապ ձեռնարկվել է թիմի համալրումը։

«Զվարթնոցում» քաղաքացիները ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից սպասարկվում են անվտանգության նորմերին համապատասխան՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունն ու քաղաքակիրթ մոտեցումը։

Նոր գործառույթին զուգահեռ՝ ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» ՍԲՀԿ-ն (ինչպես եւ սահմանային անցման մյուս բոլոր հսկիչ կետերը), շարունակում է իր աշխատանքներն ուժեղացված ռեժիմով․ երկիր մուտք գործող ամեն ոք ջերմաչափվում է, անցնում արտաքին զննում, ստանում ինքնամեկուսացման ծանուցագիր, լրացվում են հասցեական քարտեր։

 

 

 

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պետք է դառնա օրինաչափություն

Համաճարակի դեմ պայքարը պահանջում է սահմանված նորմերի անխտիր պահպանում բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանից է կախված նաև հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը։ ԱԱՏՄ-ն իր լիազորությունների շրջանակներում հետևողական աշխատանքներ է իրականացնում սահմանված կանոնների պահպանման նկատմամբ։ Այսօրվա աշխատանքների արդյունքում 24 ժամով կասեցվել է սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Առաջին ալիքի անդրադարձը ԱԱՏՄ աշխատանքներին։

 

 

Բուտիկներ, առեւտրի եւ ատամնաբուժական կենտրոններ․ ԱԱՏՄ կողմից կասեցումները հաջորդում են ուժեղացված ստուգայցերին

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երւեանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով:

Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի հանդեպ։ Զուգահեռ՝ կասեցվել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Ստուգայցի ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են մի շարք թերություններ և խախտումներ․ մասնավորապես, նկատվել են կուտակումներ, բացակայել են գծանշումները, ոչ պատշաճ են իրականացվել ախտահանման և ջերմաչափման աշխատանքները, բացակայայել են իրազեկման թերթիկ-պաստառները և այլն։

24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։ Վերջինների թիվը զգալի է կասեցվող տնտեսավարողների ցանկում․ դրանց հիմնական խախտումներն առնչվում են ախտահանմանը, մանրէազերծմանը և թափոնների վերացմանը։

Պարետի վերջին որոշումներում նկատվում է կասեցումների ավելացում անհատ ձեռնարկատերերի հանդեպ։ Սա վկայում է, որ խոշոր տնտեսավարողների մոտ խախտումները նկատելիորեն նվազել են։ Նույնի մասին են վկայում նաև տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները։

Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչները նաև խորհրդատվություն են տրամադրում՝ կրկնակի խախտումները բացառելու նպատակով։ ՀՀ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար․ խախտումների դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։