ԱԱՏՄ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է տեսչական մարմնի ստուգայցերի եւ արձանագրած խախտումների մասին

Լիանա Եղիազարյանի խոսքով` շրջայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա նշված են անվտանգության հիմնական կանոնները: Թե որքանով են դրանք պահպանում տնտեսվարողները՝ տեսչական մարմինները պարզում են ստուգայցերի ընթացքում և համապատասխան նշումներ անում: Ըստ նրա՝ մասնագետները հաճախ հանդիպում են դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու, ջերմաչափում չկատարելու, ախտահանման աշխատանքների բացակայության, գրանցամատյանների թերի լրացման, փակվող աղբամանների բացակայության խնդիրներ:

«Շատ հաճախ արձանագրվում են ընդհանուր և հիմնական շփման մակերեսների ախտահանման թերություններ։ Երբեմն տնտեսավարողները կիրառում են մաքրող, լվացող հեղուկներ, որոնք, սակայն, ախտահանիչ չեն։ Նման դեպքերում տրամադրվում է խորհրդատվություն, որպեսզի նրանք առավել ճշգրիտ հասկանան եւ պահպանեն պարետի սահմանած նորմերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Եղիազարյանի հաղորդմամբ` վերջին շրջանում առավել հաճախ խախտումներ են արձանագրվում ստոմատոլոգիական կենտրոններում, գեղեցկության սրահներում ու դեղատներում։ Առաջին երկուսն իրենց աշխատանքի «սպեցիֆիկայով» առանձնանում են, հետևաբար նրանց մոտ հաճախ մանրէազերծման, ախտահանման ու թափոնների վերացման աշխատանքներն են թերի կատարվում։

https://clck.ru/Nzyev

 

Կապանում երկու օրում կասեցվել է միանգամից մի քանի տասնյակ խանութի գործունեությունը

Վերջին երկու օրում Կապանում կասեցվել է շուրջ 5 տասնյակ տնտեսվարողի գործունեություն, մեծ մասը` անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են առեւտրային գործունեությամբ։ Կասեցվածների շարքում կան նաեւ ատամնաբուժարաններ եւ դեղատներ։

ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի մշտադիտարկումները Կապանում արձանագրել են պարետի սահմանած անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ և թերություններ։

Մասնավորապես, պատշաճ չի իրականացվել աշխատողների ջերմաչափումը, չեն վարվել գրանցամատյաններ, բացակայել են ոտնակով փակվող աղբամանները։ Խանութներում նկատվել են մարդկանց կուտակումներ հատկապես դրամարկղերի մոտ, բացակայել են գծանշումները, պատշաճ չեն կատարվել ախտահանման աշխատանքները։

Վերջիններիս մասով ԱԱՏՄ մասնագետները, մասնավորապես, տեղեկացնում են` պարետի որոշմամբ սահմանված է, որ օրական 2-4 ժամը մեկ՝ ֆիքսված ժամերի, անհրաժեշտ է ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ։

Ախտահանման աշխատանքների մասին հարկ է գրանցումներ կատարել գրանցամատյանի սահմանված ձեւում։

Պարետի սահմանած կանոնները ենթակա են պարտադիր կատարման։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ:

ԱԱՏՄ աշխատակիցներն գրանցեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և/կամ չորացնող սարք. սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է:

ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. ախտահանման գործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետի թիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ:

Այսօր մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ նկատվող որոշ այլ խախտումներ եւս` ջերմաչափման եւ գրանցամատյանի սահմանված ձեւում աշխատողի առողջական վիճակին առնչվող տվյալների չգրանցման դեպքեր:

Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հանրապետության ողջ տարածքում մշտադիտարկումներն ու վերահսկողությունն ամենօրյա են:

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Չկատարման դեպքում նախատեսված են պատասխանատվության միջոցներ։