ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերով պարզում է տնտեսվարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։

ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաեւ խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ Առկա խախտումների հիմքով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։

Հարկ է շեշտել, որ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումն ընթանում է ողջ հանրապետությամբ՝ տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Դրան զուգահեռ՝ գործունեության 24-ժամյա կասեցումներ են իրականացվում այն տնտեսվարողների հանդեպ, որոնց մոտ դիտարկումներն արձանագրել են խախտումներ։

ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերով տնտեսվարողների մոտ արձանագրվում են մի շարք հիմնական խնդիրներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երեւանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երեւանի եւ մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաեւ կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններիս թվում են նաեւ այնպիսիք, որոնց մոտ առկա խնդիրների մասին տեսչական մարմինն ահազանգեր է ստացել թեժ գծով։

Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնող չկրելուն, աշխատողների ջերմաչափմանն ու դրա գրանցամատյանի վարմանը․ հաճախ խախտվում է օրական երկու անգամ պարտադիր ջերմաչափելու եւ արդյունքները գրանցելու կանոնը։

Առկա են նաեւ հաճախակի շփման մակերեսներն օրական առնվազն երկու անգամ ախտահանելու կամ դրա վերաբերյալ տվյալների վարման խնդիրներ։ Որոշ տնտեսվարողների մոտ բացակայում են փակվող (ոտնակով) աղբամանները, վիրուսի եւ ամեն օր ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկներն ու պաստառները։

Հաճախակի են սոցիալական հեռավորությունը չպահպանելու եւ դրա համար անհրաժեշտ նշագրումներ ունենալու խախտումները։ Աշխատավայրում ձեռքերն ախտահանելու, լվանալու եւ չորացնելու պայմաններ պետք է ապահովված լինեն՝ բացառելով սրբիչների առկայությունը։

Պարետի հաստատած անվտանգության կանոնների խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Այդ կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումներն ուղղված են այդ խախտումների արձանագրմանն ու դրանց վերացմանը՝ կանխարգելելու կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը։

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։