Պարետի որոշմամբ վեցժամյա սահմանափակում է կիրառվել որոշ տնտեսվարողների նկատմամբ

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

11 ապրիլի, 2020 N 36

Մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա և N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6-ից 8-ը, 9-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

  1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
    1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արցախի 8/101.
    2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.
    3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.
    4) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երևան, Ազատության 11/78.
    5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երևան, Բաբայան 36/96.
    6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7:
  2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
  3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
  4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:https://www.gov.am/files/docs/4008.pdf?

Մշտադիտարկում` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Միաժամանակ, իրազեկման միջոցառումներ են տարվում տասնյակ տնտեսվարողների շրջանում։

Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Դիտարկումները լինելու են շարունակական՝ ուղղված թերությունների կանխարգելմանը, խախտումների բացահայտմանը և վերացմանը։

Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցի նորմերի պահպանումը պարտադիր է արտակարգ պայմաններում գործելու թույլտվություն ունեցող բոլոր տնտեսվարողների համար։ Խախտումների համար սահմանված են պատասխանատվության միջոցներ։

ԱԱՏՄ-ն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը:

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը

ԱԱՏՄ աշխատակիցներն ակտիվորեն շարունակում են մշտադիտարկման աշխատանքները տնտեսվարողների շրջանում՝ կանխելու կորոնավիրուսի #COVID -19 տարածումը բնակչության շրջանում։ Իրականացվող աշխատանքների վերջնական նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսվարողների կողմից խախտումների, խնդիրների կանխարգելումն ու կարգավորում, ինչը բխում է ինչպես աշխատողի, այնպես էլ տնտեսվարողի շահից։

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը, այն է’

  • Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
  • Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
  • Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:
  • Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
  • Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
  • Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
  • Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
  • Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):
  • Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ։
  • Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։
  • Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։
  • Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։
  • Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
  • Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը: