Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը՝ Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 25 ներկայացուցիչների մասնակցությամբ։
Սեմինարն այս անգամ կազմակերպվել է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայման, կառուցվածքի, կահավորման, շահագործման, անձնակազմի աշխատանքի պահպանման ու անհատական հիգիենայի, ինչպես նաև սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջների վերաբերյալ։
Միջոցառումն անցկացրել են տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցները՝ տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ։
Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների բազմաթիվ հարցերին: