ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված իրազեկման սեմինարն ավարտվեց։
Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։
Իրազեկման միջոցառմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախադպրոցական 160-ից ավելի հաստատությունների և զարգացման կենտրոնների շուրջ 200 ներկայացուցիչներ։
Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 09-ի հրամանով հաստատված թիվ 14-Ն «Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-027-2013 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի հրամանով հաստատված թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնների և նորմերով սահմանված պահանջների վերաբերյալ։
Նշենք, որ սեմինարի անցկացման նպատակն է՝ ամառվա ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների դեպքերի կանխարգելումն ու հակազդումը։