
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները 2026 թվականի սեպտեմբերի 18-ին շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Երևանում «ՌԵՆԿՈ» ՍՊ, «ՇԻՆՎԵԿՏՈՐ» ՍՊ և «ՄՈՒՇ 999» ՍՊ ընկերությունների կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերի և համալիրների շինհրապարակներում։
Շրջայց-իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներին։
Մասնավորապես, ներկայացվել են՝
🔹 աշխատողներին, ըստ կատարվող աշխատանքների բնույթի, համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով ապահովման պահանջները,
🔹 աշխատավայրերի կոլեկտիվ պաշտպանության միջոցներով կահավորվածությունը՝ ներառյալ ցանկապատերը, պաշտպանիչ և արգելափակող սարքերը, հարմարանքներն ու անվտանգության նշանները,
🔹 առավել վտանգավոր շարժում կատարող մեքենաների, մեխանիզմների և գործիքների վրա նախազգուշացնող ազդանշանային սարքերի առկայության անհրաժեշտությունը՝ մոտակայքում գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով,
🔹 առաջին օգնության միջոցների առկայությունը,
🔹 աշխատողների համար անհրաժեշտ սանիտարակենցաղային պայմանների ապահովումը՝ հանդերձապահարան, ցնցուղարան, հանգստի սենյակ և համապատասխան կահավորանք։
Իրազեկման ընթացքում մասնագետները տնտեսավարողներին և աշխատողներին ներկայացրել են աշխատանքի անվտանգության ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերը։




