
2026 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 11-ը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Պեկին և Սյանթան քաղաքներում՝ մասնակցելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրների համար աշխատանքային անվտանգության վերահսկողության և իրավապահ մարմինների կարողությունների զարգացման» խորագրով միջոցառմանը։
Սեմինարի նպատակն էր ներկայացնել Չինաստանի փորձը աշխատանքի անվտանգության պետական կառավարման և վերահսկողության, արտադրական ռիսկերի կանխարգելման, աշխատողների առողջության պահպանման, անվտանգության մշակույթի զարգացման, ինչպես նաև տվյալ ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը։
Սեմինարի շրջանակներում հայկական պատվիրակության ղեկավար Արա Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության համակարգը, Տեսչական մարմնի հիմնական գործառույթները, վերահսկողական և կանխարգելիչ աշխատանքի արդյունքները։
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի աշխատանքի անվտանգության ուսուցման, մասնագիտական պատրաստվածության գնահատման, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման փորձին, ինչպես նաև արտադրական անվտանգության, ռիսկերի գնահատման, վտանգների հայտնաբերման և հեռավար մոնիթորինգի ժամանակակից համակարգերին։ Միաժամանակ, քննարկվել են աշխատանքի անվտանգության ոլորտում արհեստական բանականության և մեծածավալ տվյալների վերլուծության կիրառման հնարավորությունները։




