
Ապրիլի 28-ին Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպել է «Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր» խորագրով ընդգրկուն միջոցառում, որը միավորել է օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև սոցիալական գործընկերներին՝ մեկ հարթակում քննարկելու աշխատանքի անվտանգությանն առնչվող կարևոր հարցեր։
Միջոցառման մեկնարկին ելույթով հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ նշելով, որ աշխատանքում անվտանգ պայմանների ապահովումը աշխատանքային հարաբերությունների առաջնային և անբաժան մասն է։ Օրենքն ու վերահսկողությունը միայն մեկ կողմն է, իրական փոփոխությունները գալիս են գիտակցումից և պատասխանատվությունից։ Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է գործատուներին ապահովել աշխատակիցների համար անվտանգ պայմաններ, ոչ թե միայն որպես իմպերատիվ օրենսդրական պահանջ, այլ որպես ներդրում իրենց գործին. լավագույն արդյունք կարող են ստանալ միայն առողջ թիմով՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոգանգեն, որոնք նույնպես շեշտադրել են գործատուների կողմից անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարևորությունը։
«Անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորում․ պետություն–գործատու–արհմիություններ համագործակցության դերը» թեմայով ելույթների շրջանակում միջազգային փորձը ներկայացրել է Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Բերնարդ Ռեյբելը։
Ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Հաջորդիվ Աշխատանքային օրենսդրության վարչության պետ Արա Մկրտչյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 2021-2025 թվականներին կատարած աշխատանքների ամփոփ պատկերը՝ անդրադառնալով առանձին կարևոր ուղղություններով իրականացված վերահսկողության արդյունքներին։
Միջոցառման 2-րդ հատվածում անցկացվել է պանելային քննարկում՝ «Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր. Ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» թեմայով, որը մոդերացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը։
Վերոնշյալ խորագրի ներքո որպես բանախոսներ հանդես են եկել՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Բերնարդ Ռեյբելը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը և «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիա» ՍՊԸ-ի ղեկավար Լիանա Խաչատրյանը։
Քննարկումը վերածվել է բաց հարթակի՝ փորձի փոխանակման և խնդիրների բարձրաձայնման համար։
Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար պարգևատրել է Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության ոլորտի յուրաքանչյուր ստորաբաժանման մեկական տեսուչի՝ Լևոն Աբրահամյանին, Հասմիկ Հարությունյանին, Նորիկ Սարգսյանին, Սարգիս Հովհաննիսյանին, Գայանե Մելիքյանին և Սուրեն Պողոսյանին։



