Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ և միջոցներով, Տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարի գլխավորությամբ անակնկալ այց են կատարել «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ։
Տեսչական մարմի ղեկավարը օրվա կապակցությամբ շնորհավորել է տուն-ինտերնատի կին բնակիչներին՝ մաղթել քաջ առողջություն և ամուր կամք:
«Հայ ընտանիքում մայրերն իրենց կարևոր տեղն ունեն։ Անկախ նրանից օրը տոնական է, թե՞ ոչ, և անկախ ձեր այս հարկի տակ գտնվելուց շատ կարևոր է, որ դուք մեզ հետ եք, շատ կարևոր է, որ դուք ամուր և առողջ լինեք, որովհետև սահմանին կանգնած զինվորն առաջին հերթին հիշում է ձեզ՝ իր մորը, տատիկին և դրանով է իր ողնաշարն ավելի ուժեղ։ Անկախ նրանից, թե ո՞վ և որտե՞ղ է ապրում՝ տանը, թե տուն-ինտերնատում, միևնույն է մեր հայ զինվորը, քաղաքացիական ծառայողը գիտի, որ ինքը հաշվետու է Ձեր առաջ, իր մոր, տատիկի առաջ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Հույս ունեմ, որ մեր փոքրիկ անակնկալի շնորհիվ Ձեր օրն այսօր կտարբերվի»,-ասել է Հակոբ Ավագյանը։
Տեսչական մարմնի աշխատակիցները նվերներ են հանձնել տուն-ինտերնատի կանանց և տոնական օր նվիրել ինտերնատի բոլոր բնակիչներին։