ԱԱՏՄ ղեկավար ողջ կազմի մասնակցությամբ քննարկվել են 2019-2020 թ․թ․ բյուջեների կատարողականն ու 2021 թ․ նախահաշիվը։ Վերլուծվել և համադրվել են բյուջեները և գնման պլանները։
Քննարկմանն ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորել է, որ բյուջեն նախատեսելիս հաշվի առնվեն զարգացման հեռանկարները, խոսել սեղմ միջոցներով առավել արդյունավետ աշխատելու մասին։
Բյուջետային գործընթացի պատասխանատուներ Աստղիկ Ստեփանյանն ու Կարինե Բզնունին առաջարկել են թղթի ծախսը կրճատել, անցնել հիմնականում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության։
Աշխատանքային քննարկմանը ԱԱՏՄ ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Էսթեր Զադոյանը նշել է, որ Տեսչական մարմնի գլխամասին եւ տարածքային կենտրոններին պետական շինություններում տարածք ամրակցելու հաշվին հնարավոր կլինի տնտեսել ներկայում զբաղեցվող տարածքների համար վարձակալության վճարները և ծախսերն ուղղել առավել կարևոր հարցերի։
Զադոյանը տեղեկացրել է 2021-ի բյուջեով նախատեսված աճի մասին, ինչը պայմանավորված է ինչպես ԱԱՏՄ-ին վերապահված նոր գործառույթներով և դրա հետևանքով աշխատողների թվի շուրջ 20 տոկոս ավելացմամբ, այնպես էլ կանոնադրական որոշակիորեն ավելացած գործառույթները ողջ ծավալով իրականացնելով։