Տեսչական մարմնի ղեկավարը, պատասխանատուների հետ, այցելեց Արարատյան 26 հասցեում գտնվող, 2020 թ-ին կառավարության որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի երկու մասնաշենքերից Տեսչական մարմնին ամրակցված վարչական շենքը, որտեղ այս պահին մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքները։
Վերանորոգման աշխատանքներն ավարտվելուն պես տարածքում կտեղակայվեն Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ մոտ 150 հոգի, ինչն առավել համակարգված և օպերատիվ կդարձնի մարմնի աշխատանքները։
Տեսչական մարմնի ղեկավարը տեղում ծանոթացավ վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվեց շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքների հետ կապված հարցեր։
Տեսչական մարմնի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ տարածքի նախագծանախահաշվային աշխատանքները կատարվել են անվճար հիմունքներով, իսկ էներգախնայող աշխատանքների իրականացման համար նախատեսված միջոցների 20%-ը համաֆինանսավորվելու է նշյալ ծրագրի կողմից։