2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացրել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 94%-ը։
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ ստացվել է 444 ահազանգ։ Հարցերի մեծ մասը՝ 275-ը վերաբերվել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտին, 24-ը՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, 9-ը՝ բժշկական օգնության և սպասարկման, 7 հարց վերաբերել է դեղերի շրջանառության ոլորտներին։
Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնում քաղաքացիներից ստացվել է 42 դիմում-բողոք, որից 27-ը աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ, 8-ը՝ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, իսկ 7-ը՝ բժշկական օգնության և սպասարկման ոլորտի վերաբերյալ։
Սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից հրապարակվել է թեմատիկ ստուգումներ իրականացնելու 93 հանձնարարագիր, տնտեսավարող սուբյեկտներին տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ 27 կարգադրագիր և իրականացվել է 31 վերստուգում։
Նույն ժամանակահատվածում, Տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել է 164 վարչական վարույթ, որոնցից 137-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 27-ը՝ դիմում-բողոքի հիմքով։ Տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 40 կարգադրագիր, իսկ կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով հարուցվել է 31 վարչական վարույթ։
Իրականացված ստուգումների և վարչական վարույթների արդյունքում՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում նշանակվել է 515․517․029 ՀՀ դրամ տուգանք։