Շտաբային ուսումնավարժություն՝ ԱԱՏՄ-ում
ԱԱՏՄ-ում անցկացվում է «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Նպատակն է՝ գնահատել արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում ձեռնարկվող քայլերը։
Համաձայն ուսումնավարժության սցենարի՝ հակառակորդը սահմանամերձ պաշտպանական կառույցների, դիրքերի ուղղությամբ ակտիվ գործողություններ է սկսել, նկատվում են առաջնային դիրքերի զորքերի վերախմբավորում, զինամթերքի ու տեխնիկայի ակտիվ տեղափոխումներ:
Արձանագրվել են դիվերսիոն խմբերի կողմից սահմանը խախտելու դեպքեր, որոնք հիմնականում խափանվել են հայ դիրքապահների ուժերով, սակայն հնարավոր է դրանց ներթափանցումը ՀՀ Տավուշի մարզի և Արցախի Հանրապետության տարածք:
ՀՀ քաղաքական ղեկավարությունը դիվանագիտական ճանապարհներով փորձում է թուլացնել լարվածությունը:
Այս պայմաններում, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի ստորագրած ՀՀ քաղաքացիական պաշտպանության համակարգը «Բարձր» պատրաստականության աստիճանի փոխադրման վերաբերյալ (ըստ ուսումնավարժության) որոշումը եւ ԱԱՏՄ ղեկավարի հրամանը՝ տեսչական մարմինը ձեռնարկում է իր լիազորությունների շրջանակից բխող քայլեր։
ԱԱՏՄ-ում եւ դրա տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիական պաշտպանության այս միջոցառումները կանցկացվեն մինչեւ փետրվարի 14-ը։
Վերադառնալ