ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական սպասարկման վերահսկողության վարչության աշխատակիցները «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում» ստուգաթերթի հերթական փորձարկումն իրականացրել են «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական միավորում ՓԲԸ-ում։
Տեսչական մարմնի մասնագետները՝ վարչության պետ Մարինե Սամսոնյանը և վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ասլանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցչի հետ կազմակերպության տնօրինությանը ներկայացրել են ստուգաթերթում ընդգրկված հարցերի բովանդակությունը։
Ստուգաթերթերում ընդգրկված որոշ հարցեր առնչվում են բուժհաստատություններին լիցենզիաների տրամադրման ժամանակ առաջադրված պայման-պահանջներին, որոնք վերաբերում են բուժմիավորման տեխնիկական հագեցվածությանը, բժշկական սարքերի և սարքավորումների առկայությանը։
Այս առումով քննարկվել են, մասնավորապես, հին սարքերը նորագույն տեխնոլոգիաներով փոխարինելու հետ կապված հարցեր՝ նկատի ունենալով ստուգաթերթերն ըստ այդմ վերանայելու հնարավորությունները։
Շոշափվել է ստուգաթերթերը թեթևացնելու, առանձնակի ռիսկեր չենթադրող հարցերն առավել կարևոր հարցերով փոխարինելու թեման։ Բուժհաստատության տնօրենը պատրաստակամություն է հայտնել համագործակցել այս առումով և իր դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնել Տեսչական մարմնին։ Տնտեսավարողների և ԱԱՏՄ աշխատակիցների նման հանդիպումները շարունակական բնույթ են կրում․ դրանց արդյունքում վերջնական տեսքի են բերվում ստուգաթերթերը։ ԱԱՏՄ-ն 2020 թ․ ստուգումների տարեկան ծրագիրն իրականացնելու է այդ ստուգաթերթերով։