Առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն գործարար հանդիպումներ եւ իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակներում հայ տնտեսվարողները հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքի անվտանգության ոլորտի նորամուծություններին։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Նշված նպատակով մի շարք երկրների արտադրողներ Հայաստանում տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն անհատական պաշտպանության միջոցներ՝ համազգեստի, կոշկեղենի և գլխի պաշտպանական պարագաների նմուշներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ ապահովելու աշխատողների անվտանգությունը։
Հիշեցնենք՝ ԱԱՏՄ ղեկավարն այս առումով պայմանավորվածությունները ձեռք էր բերել Մոսկվայում ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (RALI) գլխավոր համաժողովի շրջանակում՝ աշխատանքի անվտանգությանը և պաշտպանությանը նվիրված համաժողովի և ցուցահանդեսի ընթացքում։