Իրազեկում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես դեղերի շրջանառության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին հորդորում է՝
- դեղատոմսերի դուրսգրումը,
- դեղատոմսային ձևաթղթերի նկարագիրը,
- տպագրությունը,
- բաշխումը,
- պահպանումը և հաշվառումը
իրականացնել ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան և խստագույնս պահպանել սահմանված պահանջների պահպանումը։
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի՝
- արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը ՀՀ օրենսդրությամբ չսահմանված ձևաթղթերի վրա։
Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1080-Ն որոշման 8-րդ կետի պահանջների՝ դեղատոմսերը պետք է պարունակեն հետևյալ տվյալները.
- բժշկական հաստատության անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ՝ բնակության) վայրը և հեռախոսահամարը,
- պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը (ամբողջությամբ),
- պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում՝ մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով,
- թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները,
- զեղչի չափը` ըստ անհրաժեշտության,
- նույն դեղատոմսով, դեղատոմսում դուրս գրված նույն քանակով դեղի բացթողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)՝ ըստ անհրաժեշտության,
- նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բացթողման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (оրերով),
- դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը,
- բժշկի անունը, ազգանունը, աշխատանքային հեռախոսահամարը,
- բժշկի ստորագրությունը:
Վերադառնալ