ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն, ամփոփելով 2019-ին կատարված աշխատանքները, տեղեկացնում է՝
դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:
Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են․
✔ դեղերի պետական գրանցման, ներմուծման և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։
Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է․
✔ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են
✔ աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը եւ մանրէազերծմանը, ջրի որակին:
Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են
✔ աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։
Ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք։ Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։