Տարեկան ծրագրով նախատեսված լայնածավալ ստուգումներին ընդառաջ՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում քննարկվում են ընթացիկ աշխատանքային հարցեր։
ԱԱՏՄ ստուգումների տարեկան ծրագրում բարձր եւ միջին ռիսկային գնահատված շուրջ 200 տնտեսավարող է ներառված։ Բարձր ռիսկային համարվող տնտեսավարողների մեծ մասը գործում է դեղերի ոլորտում։
ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների դեղերի բաժինների պետերի հետ առցանց քննարկել են ստուգումների մեկնարկին, կազմակերպմանը, ընթացքն անխափան ու առանց բացթողումների իրականացնելուն առնչվող հարցեր։
Ստուգումներն իրականացվելու են «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ ըստ այդմ սահմանված ուղեցույցի համաձայն։