Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքի այսօրվա օրակարգում կրկին կասեցումներ ու ստուգայցեր էին։
ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր ահազանգերը։ Այսօր նաև դրանց հիմքով շարունակել է ուժեղացված ստուգայցերը։
Երևանում բողոքի հիմքով դիտարկվել են կաթնամթերքի խոշոր արտադրություն և սպորտային բազմապրոֆիլ համալիր։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։
Կաթնամթերքի արտադրությունում ախտահանման և ջերմաչափման գրանցամատյան չեն ներկայացրել, բայց հավաստիացրել են, որ լրացնում են, չեն ունեցել նաև խոհանոցային օդափոխվող առանձնացված տարածք։
ԱԱՏՄ դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, կտրուկ կրճատվել է նաև բողոքների թիվը։