Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանի և մի խումբ աշխատակիցների հետ այցելել է «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն»։
Խնամքի կենտրոնում Տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպել են տնօրեն Ռուբեն Խլոյանի, անձնակազմի և կենտրոնի բնակիչների հետ։
Շնորհավորելով կենտրոնի տարեց բնակիչներին՝ Սլավիկ Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Տարեցները մեր հասարակության հենասյունն են, նրանց անցած ճանապարհը և կյանքի փորձն իրենց հաջորդող սերունդների կողմից արժանի են երախտագիտության, միաժամանակ պարտավորեցնող են՝ այդ փորձն առնվազն պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Այս օրը առիթ է ոչ միայն մեր երախտագիտությունն արտահայտելու, այլ նաև ընդգծելու մեր պարտականությունը՝ արժևորել և հոգ տանել տարեցների բարեկեցության մասին»։
Տեսչական մարմնի կողմից կենտրոնի տարեցների համար կազմակերպվել էր հյուրասիրություն և տեղում ստեղծվել էր ջերմ և ուրախ միջավայր՝ օրը նրանց համար վերածելով իսկական տոնի։
Միաժամանակ, տոնի կապակցությամբ կենտրոնին հանձնվել են նվերներ, որոնք կօգնեն տարեցների առօրյան ավելի ուրախ և հետաքրքիր դարձնելու համար։
Կենտրոնի տնօրինությունը, անձնակազմը և հատկապես տարեց բնակիչները շնորհակալություն հայտնեցին այցի համար և նշեցին, որ չափազանց շոյված են Տեսչական մարմնի վերաբերմունքից, նվերներից և պարգևած տոնից։
Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական և իրազեկման գործառույթները միտված են նաև խնամքի կենտրոններում տարեցների համար առողջ և անվտանգ միջավայր ապահովելուն։