ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատողների կողմից անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել են իրազեկման սեմինարներ։
Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նարեկ Կարապետյանը ապրիլի 03-ին իրազեկման սեմինար է անցկացրել 6 բժշկական կազմակերպության 11 ներկայացուցչի համար։ Քննարկվել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշումը։
Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի ապրիլի 03-ին իրազեկման սեմինար են անցկացրել բժշկական կազմակերպությունների 57 բուժաշխատողների համար։ Ներկայացվել են բժշկական կազմակերպությունում դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, դեղատոմսերի ձևերի, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի ապրիլի 02-ին իրազեկման սեմինար են անցկացրել տնտեսավարող սուբյեկտների 12 մասնակիցների համար և ներկայացրել գործատուների և աշխատողների իրավունքներն ու պարտականությունները։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարների մասնակիցների հարցերին։