Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մայիսի 21-ին ԵՊՀ-ում հանդիպել է ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ նպատակ ունենալով սովորողներին տեղեկացնելու աշխատանքային իրավունքների մասին, որպեսզի աշխատանքային գործունեություն սկսելու դեպքում թե՛ որպես աշխատող, և թե՛ որպես գործատու ծանոթ լինեն աշխատանքային օրենսգրքի դրույթներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության իրազեկմանը միտված աշխատանքները և հորդորել լավ սովորել, որովհետև լավ մասնագետն աշխատաշուկայում հեշտորեն կգտնի իր գիտելիքներին համապատասխան և գոհացնող վարձատրությամբ աշխատանք:
Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և համապատասխան բաժինների պետերը ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները և աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար։
Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են ՍԹԵՄ դպրոցի աշակերտների հարցերին։