2025 թվականի հունիսի 3-ին երկկողմ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետութուն են ժամանել Լիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ղեկավար Յոնաս Գրիսիուսը և նրա տեղակալ Դալիուս Չեպոնասը։
Այցի նպատակն է ապահովել երկու տեսչությունների համագործակցության շարունակական լինելը՝ ներառելով առավել հեռանկարային ուղղություններ, հաշվի առնելով, որ նման հանդիպումները հանդիսանում են փոխշահավետ և գործնական համագործակցության և գործընկերության կարևոր և առանցքային բաղադրիչ, ինչպես նաև այն հնարավորություն է տալու ձևավորելու աշխատանքային իրավահարաբերություններում առկա լավագույն ավանդույթներն ու առաջնահերթությունները։
Առողջպահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունել է հյուրերին, մաղթել արդյունավետ աշխատանք եռօրյա այցի ընթացքում և հույս հայտնել, որ ձևավորվելու են կայուն և երկարաժամկետ փոխգործակցային հարաբերություններ Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների համապատասխան կառույցների միջև։
Այցի շրջանակներում կազմակերպված աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և համապատասխան բաժինների պետերը։
Լիտվայի պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց երկրի փորձը՝ աշխատանքային օրենսգրքի վերահսկողության մեխանիզմների, դրանց կատարելագործման, աշխատանքային վեճերի արտադատական կարգով լուծման և վերահսկողական գործընթացների կազմակերպման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ղեկավարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու գործընկերային հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության արդյունքում՝ հնարավորության սահմաններում բարելավելու աշխատանքային ոլորտում իրականացվող վերահսկողության գործիքակազմը։