Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներ, որտեղ իրականացրել է իրազեկման սեմինար ճամբարական երեխաների համար։
Այցին մասնակցել են հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։
Երեխաները ծանոթացել են Տեսչական մարմնի գործառույթներին. այդ շրջանակներում ներկայացվել են մի շարք սանիտարական նորմերի և կանոնների առանձին պահանջներ, այդ թվում՝ հենց դպրոցահասակ երեխաներին առնչվող։ Մասնավորապես՝ պարզաբանվել են խմելու ջրի նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողութան կարևորությունը, մեկնաբանվել են դպրոցում դասացուցակի կազմմանը, պայուսակների ծանրաբեռնվածությանը, երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցմանը և վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն առնչվող մի շարք նորմեր։
Սեմինարի ընթացքում ծավալվել է բավականին հետաքրքիր ինտերակտիվ քննարկում, որի ընթացքում Թագուհի Հակոբյանը շփվել է երեխաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Սեմինարի ավարտից հետո Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են ճամբարների ղեկավարության և սպասարկող անձնակազմի՝ Տեսչական մարմնի լիազորություններին առնչվող հարցերին։