Մարզադպրոցներում Covid-անվտանգության ի՞նչ կանոններ է դիտարկում ԱԱՏՄ-ն՝ ստուգայցերի ընթացքում

Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը:
Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝
- դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,
- ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, չորացման համար անհրաժեշտ պարագաներով,
- «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային կառավարմամբ փակվող կափարիչով աղբամաններով,
- հեռահար ջերմաչափով։
Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝
- ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղեր,
- մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, սաների և այցելուների ջերմաչափում և գրանցում,
- COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն՝ 37 և ավելի, հազ, դժվարացած շնչառություն) ունեցողները մուտք չեն գործում կազմակերպություն,
- սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների ընթացքում,
- կողմնակի անձինք մուտք չեն գործում մարզադպրոցներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի, օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով,
- սարքավորումների հետ շփման դեպքում՝ մինչ դրանց օգտագործումն ու օգտագործումից հետո՝ ախտահանվում են,
- մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա.
- անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:
Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով՝
- ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
- օրվա ընթացքում՝ (առնվազն 2 անգամ), իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
- հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,
- հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
- սաներն ապահովվում են խմելու ջրի համար անհատական տարողություններով կամ միանվագ օգտագործման բաժակներով,
- ապահովվում է սրբիչների անհատականացնելու սկզբունքը,
- աշխատողների սնվելու համար առանձնացվում է հոսող ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք,
- խոհանոցային պարագաների օգտագործելուց հետո կատարվում է պարագաների ախտահանում, կիրառելով ախտահանիչ միջոցներ,
- մարզագորգերն ախտահանիչ միջոցներով ախտահանվում են ամեն օր մինչ դրանց կիրառումը՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում,
- մարզասրահում, մարզագորգերի վրա մարզումներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է ապահովվել յուրաքանչյուր անձի համար առնվազն 2 քմ. տարածություն,
- խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի, հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:
Աշխատողների համար կանոններն են՝
- ապահովվում է աշխատողների ջերմաչափումը հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ կատարելով նշում գրանցամատյանում,
- 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է աշխատողի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:
Այցելուների համար կանոններն են՝
- մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 2 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձ,
- սահմանափակվում են հաստատությունում գտնվող անձանց միջև սերտ շփումները (բացառությամբ՝ մարզման ընթացքում նախատեսված դեպքերի): Հարավոր բոլոր հանձնարարությունները սաները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով,
- ոչ խմբային սպորտաձևերի պարագայում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ,
- առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:
Բոլոր մանրամասները՝ կից հղումով` https://bit.ly/2USzdIU:
Վերադառնալ