ՀՀ ԱԱՏՄ-ն և Տեսչականի Արհմիությունը համաձայնագիր են կնքել

Համաձայնագիրը գործատուի կողմից ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։
- Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։
- Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։
- Համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների և արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաև այլ երաշխիքների սահմանումը:
- Կողմերը մասնակցում և վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության և տեղեկատվության փոխանակում:
- Աշխատողների իրավունքների պաշտպանության և ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության ներկայացուցիչները Գործատուի համաձայնությամբ կարող են մասնակցել Գործատուի կողմից նշանակված ծառայողական քննություններին:
- Արհմիության ներկայացուցիչները կարող են մասնակցել Տեսչական մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելու հարցերի քննարկմանը:
- Արհմիությունը, անհրաժեշտության դեպքում, առաջարկություն է ներկայացնում աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու և դրանք բարելավելու վերաբերյալ:
- Գործատուն աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա աշխատողին տրամադրում է հատուկ հագուստ, անհատական պաշտպանության այլ միջոցներ, ինչպես նաև անհատական հիգիենայի առարկաներ:
- Կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով:
- Համաձայնագիրն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 04-ին։
- Համաձայնագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ։


Վերադառնալ