ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ու Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված գործողությունները բավականին տրամաբանական և ադեկվատ են։ Հայաստանի սահմաններին հսկողությունն ավելի խիստ է նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ։ Այս մասին շեշտել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում։
Փոխվարչապետն անդրադարձել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմի կողմից իրականացվող անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներին. վերջին շրջանում համաճարակային առումով անբարենպաստ երկրներում գտնված կամ այնտեղից եկող բոլոր անձանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնց մեջ ֆիքսվում է քաղաքացիների բնակվելու վայրը։ Նպատակն է՝ նրանց հետագա հսկողության տակ պահել։
Ավինյանը պատասխանել է նաև հարցին՝ արդյոք մեր պետությունն ունի հիվանդությունը տեղայնացնելու հնարավորություն, որպեսզի այն հայտնաբերվելու դեպքում չստանա լայն տարածում։