
Երեխաների առողջության պահպանման և անվտանգ կրթական ու նախադպրոցական միջավայրի ապահովման նպատակով հերթական շրջայց-իրազեկման շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 7-ին Տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են Երևանի թիվ 173 և թիվ 110 դպրոցներ, ինչպես նաև թիվ 128, 143, 138 և 146 մսուր-մանկապարտեզներ։
Իրազեկման այցերի ընթացքում դպրոցներում ներկայացվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները՝ Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի շրջանակում։
Մասնավորապես, քննարկվել են ուսումնական սենքերի սանիտարահիգիենիկ վիճակին, միկրոկլիմային և լուսավորությանը, ջրամատակարարմանը, սանհանգույցների և կենցաղային պայմաններին, բուժկետի գործունեությանը, ինչպես նաև մաքրման և ախտահանման աշխատանքներին վերաբերող հարցեր։
Մսուր-մանկապարտեզների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել են Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի
N 50-Ն հրամանով հաստատված՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները։
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների խնամքի և անձնական հիգիենայի, խմբային և խաղային տարածքների, ջերմային ռեժիմի և օդային միջավայրի, անվտանգության և վնասվածքների կանխարգելման, ինչպես նաև բուժկետի, մեկուսարանի, մաքրման և ախտահանման աշխատանքների կազմակերպմանը։
Իրազեկման միջոցառումներն ավարտվել են մասնագիտական քննարկմամբ՝ ընդգծելով առողջ, անվտանգ և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան միջավայրի շարունակական ապահովման կարևորությունը։



