
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2026 թվականի փետրվարի 20-ին, 24-ին և 27-ին անցկացվել է իրազեկման սեմինար նախադպրոցական հաստատությունների շուրջ 5 տասնյակ տնօրենների և ներկայացուցիչների համար։
Սեմինարը կազմակերպելու առաջարկով Տեսչական մարմնին էր դիմել Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիան։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։
Ղեկավարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի խորհրդի նախագահ Նելլի Խաչատրյանին՝ նախաձեռնության և շարունակական համագործակցության համար։ Նա միաժամանակ նշել է, որ կանխարգելումը Տեսչական մարմնի առաջնային գործառույթն է, որն իրացնելով՝ ամրապնդվում է նաև հետադարձ կապը տնտեսավարող սուբյեկտների հետ։
Թագուհի Հակոբյանն առանձնահատուկ անդրադարձել է վերահսկողության շրջանակներում հաճախ հանդիպող կարևոր խնդրին՝ նախադպրոցական կազմակերպությունների բուժկետերի լիցենզավորման պահանջի խախտմանը, ներկայացրել է համապատասխան օրենսդրական պահանջները։
Եռօրյա սեմինարը վարել են հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության գլխավոր մասնագետները, ինչպես նաև՝ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։
Ալվարդ Արշակյանը ներկայացրել է թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և հասանելիությունը թվային համակարգին, Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև՝ Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։
Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները ներկայացրել են Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված նորմերը, մասնավորապես՝ նախադպրոցական կազմակերպությունների սննդի կազմակերպման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հաստատություններին ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ օրենսդրական պահանջները։
Միաժամանակ անդրադարձ է կատարվել Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հաճախ հանդիպած խնդիրներին։
Սեմինարը զուգորդվել է ակտիվ քննարկմամբ, բանախոսները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
