ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշման համաձայն՝ ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը 2018 թվականի հունիսի 11-ին վերակազմավորվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, որի կանոնադրությունը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ։
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 706-Ա որոշման համաձայն՝ ԱԱՏՄ համար սահմանված է 334 հաստիքային միավոր։
ԱԱՏՄ նպատակն է՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության, անձի ֆունկցիոնալության գնահատման բնագավառի իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումը։
ԱԱՏՄ խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջապահության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, անձի ֆունկցիոնալության գնահատման, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրային առողջապահության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, անձի ֆունկցիոնալության գնահատման, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։
Կառուցվածք։ ԱԱՏՄ-ն կազմված է հիմնական մասնագիտական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից, որոնք տեղաբաշխված են ՀՀ ողջ տարածքում։
ԱԱՏՄ ղեկավարի 2020 թվականի փետրվարի 20-ի 152-Ա հրամանով հաստատվել է ԱԱՏՄ կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը և սահմանվել է դրա տարածքային կենտրոններին վերապահված գործառույթների իրականացման տեղաբաշխվածությունն՝ ըստ մարզերի։