Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։
Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները օգոստոսի 1-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։
Սեմինարին մասնակցել են Տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանը և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյան։
Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի աշխատանքի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։
ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Բժշկական օգնության և սպասարկման, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Տարածքային կենտրոնի տեսուչները մասնակիցներին ներկայացրել են նաև 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները, ծանոթացրել որոշ դրույթների։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: