ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար հունիսի 18-20-ն իրականացվել է կարողությունների հզորացման հերթական վերապատրաստման դասընթացը։ Այն կայացել է Տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում։ Սեմինարի թեման էր՝ «Աշխատավայրում բռնության և ոտնձգությունների բացահայտումը և վերացումը, աշխատավայրում գենդերային խտրականության բացահայտումը»։
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը։
Ողջույնի խոսքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ նշելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ մասնագիտական գիտելիքներ ստանալու, դրանք զարգացնելու և միջազգային փորձին ծանոթանալու համար։
Դասընթացները վարել է միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատու Հելենա Պերեսը։
Վերապատրաստման դասընթացների ավարտին բոլոր տեսուչները ստացել են միջազգային հավաստագրեր։