ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, մայիսի 21-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինար, որին մասնակցել են ՀՀ-ում գործունեություն ծավալող, տարբեր կազմակերպությունների երկու տասնյակից ավելի աշխատակիցներ։
Սեմինարի մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար։ Ղեկավարի տեղակալը ներկայացրել է ԱԱՏՄ գործառույթների շրջանակը շեշտելով, որ Տեսչական մարմնի կարևորագույն առաքելությունն է նաև իրազեկման գործառույթի ապահովումը։
Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ՝ Ալվարդ Արշակյանը։ Բանախոսը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։
Առանձնապես ուշադրություն է դարձվել մասնակիցների ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող հարցերին ու խնդիրներին։
Տեղի է ունեցել քննարկում. Ալվարդ Արշակյանը պատասխանել է նաև սեմինարի մասնակիցների հարցերին։