4411 զանգ Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով. 2021թ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։
Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել, ինչպես Քովիդ 19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։
Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝
- Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Առողջապահության նախարարի 17-Ն հրամանում,
- Կարող է արդյո՞ք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները,
- Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը,
- Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը,
- Ի՞նչ տույժ է նախատեսված պատվաստում և/կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնելուց հրաժարվելու դեպքում,
- Ինչպե՞ս կազմակերպել հեռավար աշխատանքը։
Զանգերի հաջորդ գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության ոլորտին՝
- աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում վերջնահաշվարկի չվճարման դեպքերին,
- աշխատանքային պայմանագրի վաղաժամ լուծման,
- աշխատավարձի հաշվարկման, վերջնահաշվարկի չվճարման և/կամ ոչ լիարժեք հաշվարկման,
- հղիության և հետծննդյան արձակուրդի իրավունքի խախտման,
- երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կերակրողի աշխատանքային պայմանագրի լուծման, երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի նպաստի չվճարման դեպքերին,
- հղիության նպաստի ոչ լիարժեք վճարման մասին,
- կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպմամբ պայմանավորված հղիության արձակուրդում գտնվողի հաստիքի կրճատման, անաշխատունակության նպաստ ստանալու,
- ամենամյա արձակուրդի իրավունքի խոչընդոտման վերաբերյալ։
Վիճակագրությունն ըստ ոլորտների՝
— դեղերի շրջանառություն՝ 68,
— բժշկական օգնության և սպասարկման՝ 71,
— բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման՝ 1669, որից 1422՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված,
— աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ 1306,
— ՖԲ հարցում՝ 207,
— առաջարկ՝ 15,
— տեղեկատվություն՝ 613,
— Տեսչական մարմնի գործառույթից դուրս՝ 462:
Վերադառնալ