Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին:
2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրից բխող գործողությունների շրջանակներում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնը մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում «Հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանման և նորմի կիրառման մեխանիզմների ձևավորման աշխատանքներին և ներկայացրել առաջարկություններ։
Տեսչական մարմինն իրականացնում է թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, աշխատող երեխաների՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխարգելման վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Տեսչական մարմնի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ։
Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, միևնույն ժամանակ իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, Տեսչական մարմինը կանխարգելում է աշխատանքային օրենսդրության պահանջների խախտումները, այդ թվում՝ հարկադիր աշխատանքը, իսկ վերահսկողության ընթացքում հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ այդ մասին պետք է տեղեկացնի իրավապահ մարմիններին։