Կառավարությունը հաստատել է ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման ևս 11 ստուգաթերթ

ՀՀ կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ստուգումների իրականացման եւս 11 ստուգաթերթ։
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ԱԱՏՄ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:
Այդպիսով ԱԱՏՄ-ն, որպես ստուգում իրականացնող կառույց, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես եւ պատշաճ իրականացնելու հնարավորություն է ստանում։
Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:
Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
ՀՀ ԱԱՏՄ 2021 թ. տարեկան ծրագրով նախատեսված են ստուգումներ 241 տնտեսվարողի մոտ։ Ստուգումներն իրականացվում են տեսչականի վերահսկողության 4 հիմնական ոլորտում՝ դեղերի շրջանառության, բուժսպասարկման, հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ վերահսկողության, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են՝ նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։
Այսօր հաստատված ստուգաթերթերով վերահսկվելու են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետեւյալ ուղղությունները՝
- «Ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուր բենզալցման, գազալցման կայաններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
- «Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
- «Ախտաբանաանատոմիական մասնագիտացված բժշկական օգնության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
- «Հասարակական զուգարանների շահագործման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
- «Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակի, խմելու տնտեսական նշանակությոն ջրմուղիների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
- «Բժշկական կազմակերպություններում վնասակար թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
- «Շենքերի ընդհանուր մաքրման, ոչ վնասակար թափոնների հավաքման, թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության»,
- «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
- «Վարակիչ հիվանդություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
- «Պարարտանյութերի, թունաքիմիկատների մանրածախ առևտուր իրականացնող մասնագիտացված խանութներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
- «Բուժկանխարգելիչ կազմակերպություններում մանրէազերծման գործունեություն սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»։
Վերադառնալ