
2025 թվականի դեկտեմբերի 5-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Տեսչական մարմնի տարեկան ժողովը, որին ներկա էր Տեսչական մարմնի ողջ անձնակազմը։
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Տեսչական մարմնի ղեկավարն առաջնահերթ շնորհակալություն է հայտնել անձնակազմին ծանրաբեռնված աշխատանքի և Տեսչական մարմնի նպատակին հասնելու համար գործադրված ջանքերի համար: Նա միաժամանակ կարևորել է աշխատանքային ընթացիկ խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը և բացթողումների կանխումը:
Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է տարվա նշանակալի ձեռքբերումները, միջազգային արդյունավետ համագործակցությունը և այդ համատեքստում տեսուչների կարողությունների զարգացումը, մարզային այցերը, տնտեսավարող սուբյեկտների հետ հետադարձ կապի ապահովման շրջանակներում կայացած հանդիպումները և դրանց արդյունքները:
Նա նաև նշել է հանրության շրջանում Տեսչական մարմնի ճանաչելիության և մարմնի նկատմամբ վստահության բարձրացման մասին, որը վկայում է նաև քաղաքացիներից ստացվող դիմումների զգալի աճը՝ Տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում գտնվող տարատեսակ խնդիրների և այլ մտահոգող փաստերի մասին հարցադրումների վերաբերյալ:
Հաջորդիվ Սլավիկ Սարգսյանը խոսել է 2026 թվականին նախատեսված աշխատանքներում սպասվող մի շարք փոփոխությունների և նոր մոտեցումների մասին, որոնց շնորհիվ կբարձրանա Տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը և կկարգավորվեն առանձին գործընթացներ։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սահիկաշարով անձնակազմին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված կանխարգելիչ և վերահսկողական աշխատանքները՝ մեկնաբանելով թվային և արդյունքային վերլուծությունը:
Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը սահիկաշարով ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգը, քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը, բարեվարքության տարրերն ու սկզբունքները և դրանց պահպանման կարևորությունը:
Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանը ներկայացրել է տարվա ընթացքում վարչության կողմից արձանագրված խնդիրները:
Ոլորտային աշխատանքների կարևորության, ինչպես նաև՝ տարվա ընթացքում միջազգային փորձի փոխանակման և վերապատրաստումների մասին ներկայացրել են նաև մասնագիտական վարչությունների պետերը։
Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը հնարավորություն է տվել աշխատողներին արտահայտվել և ներկայացնել իրենց մտահոգող բոլոր հարցերը՝ լսելով նրանց, պատասխանելով հարցերին, իսկ կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:












