ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը

ԱԱՏՄ աշխատակիցներն ակտիվորեն շարունակում են մշտադիտարկման աշխատանքները տնտեսվարողների շրջանում՝ կանխելու կորոնավիրուսի #COVID -19 տարածումը բնակչության շրջանում։ Իրականացվող աշխատանքների վերջնական նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսվարողների կողմից խախտումների, խնդիրների կանխարգելումն ու կարգավորում, ինչը բխում է ինչպես աշխատողի, այնպես էլ տնտեսվարողի շահից։
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը, այն է’
- Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
- Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
- Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:
- Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
- Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
- Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
- Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
- Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):
- Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ։
- Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։
- Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։
- Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։
- Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
- Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:


Վերադառնալ