ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները իրազեկվածության բարձրացման նպատակով շարունակում են սեմինարների շարքը։
Հերթական միջոցառումը ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները իրականացրեցին Գորիս քաղաքում։ Հանդիպմանը մասնակցել են Գորիս քաղաքի մի շարք կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ:
Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Արմինե Զաքարյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Լուսինե Գրիգորյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Նարինե Բադալյանը։
Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեղերի շրջանառության և բժշկական օգնության և սպասարկման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր, քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով և դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացումը, ներկայացվել է դեղատոմսերի լրացման կարգը, ինչպես նաև քննարկվել են ժամկետանց դեղերի ոչնչացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Սեմինարի ընթացքում խոսվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ոլորտի իրավական ակտերի ու կարգավորումների մասին։
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։