Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրում աշխատելը՝ որպես յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքի գերակայություն։
2025 թվականի ապրիլի 28-ին՝ Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունն աշխատավայրում» թեմայով։
Օրվա կարգախոսը 2025 թվականին. «Հեղափոխական մոտեցումներ աշխատանքի անվտանգության և առողջապահության նկատմամբ. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում»։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի, կառավարության, միջազգային կազմակերպությունների, արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց. «Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև բարոյական պարտավորություն: Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ իրեն կզգա պաշտպանված և գնահատված, իսկ նրա կյանքը և առողջությունը կլինեն առաջնահերթ։»:
Բացման խոսքով հանդես եկան նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում կատարված աշխատանքները և առկա իրավիճակը։
Միջոցառման ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան և բաց քննարկում, որտեղ մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկները՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է հետևել աշխատանքի անվտանգության կանոններին։ Հիշեցնենք, որ առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։