Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանի-ի ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մայիսի 21-ին ԵՊՀ-ում հանդիպել է ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ նպատակ ունենալով սովորողներին տեղեկացնելու աշխատանքային իրավունքների մասին, որպեսզի աշխատանքային գործունեություն սկսելու դեպքում թե՛ որպես աշխատող, և թե՛ որպես գործատու ծանոթ լինեն աշխատանքային օրենսգրքի դրույթներին։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության իրազեկմանը միտված աշխատանքները և հորդորել լավ սովորել, որովհետև լավ մասնագետն աշխատաշուկայում հեշտորեն կգտնի իր գիտելիքներին համապատասխան և գոհացնող վարձատրությամբ աշխատանք:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և համապատասխան բաժինների պետերը ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները և աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար։

Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են ՍԹԵՄ դպրոցի աշակերտների հարցերին։

 

Հերթական իրազեկման սեմինարը «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը կարևորելով թեմայի արդիականությունը, տեսական և գործնական նշանակությունն ու բժշկական կազմակերպությունների հետաքրքրվածությունը, 2025 թվականի մայիսի 19-ին կրկին անցկացրել է իրազեկման սեմինար՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դեղատոմսերի դուրսգրմանը, մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի ձևակերպման կարգի, ինչպես նաև դեղերի նշանակման և բաց թողնման գործընթացին վերաբերող մասնագիտական հարցերին։

Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները նաև պատասխանել են բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հարցերին։

Տեսչական մարմինը հետամուտ է շարունակել  նմանատիպ իրազեկման միջոցառումների իրականացմանը՝ նպաստելով իր վերահսկողության ոլորտում օրենսդրական պահանջների համապարփակ իրազեկմանն ու կիրառմանը։

 

Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի մայիսի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում, Կոտայքի մարզի 30 բժշկական կազմակերպությունների տնօրենների համար կազմակերպել և իրականացրել  են իրազեկման սեմինար, որին մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, իրավաբանական բաժնի պետերը։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, ավագ և միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի առկայության պարտադիր պահանջի, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։