azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորում է արհեստակցական միությունների օր առաջ կայացումը

Կայացած արհմիությունների առկայության դեպքում ԱԱՏՄ-ի և տեսչական այլ մարմինների համար ավելի հեշտ և ինստիտուցիոնալ կլինի աշխատանքային իրավունքների նորմերի նկատմամբ վերահսկողությունը։ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ։

-Աշխատավորների օրվա առիթով էլ ում հետ պետք է զրուցենք, եթե ոչ մի կառույցի ղեկավարի, որին, ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 1-ից պետք է վերապահվի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն։

Սակայն հայտնի է նաև, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ օրենքի ընդունված նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով իրականացնելու վերահսկողություն։ Ինչ ունենք այս պահին աշխատողների իրավունքների խախտումների նկատմամբ վերահսկողության առումով։ Որոնք են լինելու ձեր աշխատանքի հետագա ուղղությունները։

-Շնորհակալություն։ Այս հարցը տարիներ ի վեր մնացել էր վերահսկողությունից դուրս, որի արդյունքում տուժում էին մեր երկրի վարձու աշխատողները, մասնավորապես՝ երբ աշխատանքային իրավունքը խախտվում էր, վարձու աշխատողները, բացի դատարանից, այլ ճանապարհ չունեին, որպեսզի բողոքարկեին կամ իրենց խախտված իրավունքները վերականգնեին։ Վերահսկողության գործիք կիրառող մարմնի բացակայության պատճառով երբեմն ավելի էր բարձիթողի վիճակ ստեղծվել։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական ճանապարհով իրավունքների վերականգնումը շատ ավելի երկարատև գործընթաց է, որի ընտրության ժամանակ աշխատողը կանգնում էր երկընտրանքի առաջ՝ գնալ այդ ճանապարհով, թե ընդհանրապես մոռանալ ու լռել։ Անցած տարվա դեկտեմբերի 4-ին ընդունվեց օրենքը, բայց հաշվի առնելով, որ պետք է նախապատրաստական մի շարք աշխատանք արվեր, մասնավորապես՝ տեսչական մարմնի թվակազմը, գործիքակազմը համալրվեր և այլն, որոշվեց, որ այդ դրույթը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից։ Սա բացառիկ մոտեցում էր, որովհետև տարիներ ի վեր, սկսած այն ժամանակվանից, երբ վերացվեց ընդհանրապես աշխատանքի տեսչությունը, վերականգնվում է այդ լիազորությունները։

Անդրադառնալով ձեր հարցադրման երկրորդ մասին՝ ապրիլի 29-ին արդեն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունները, դրանք ելնում էին այս արտակարգ դրությունից, որը ևս կարգավորված չէր եղել մինչ այժմ։ Մենք մարտի սկզբին այս հարցը բարձրաձայնում էինք՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ զանգեր ստանում էինք՝ և գործատուների, և վարձու աշխատողների կողմից, թե ինչպես են հարաբերությունները կարգավորվելու արտակարգ դրության ողջ շրջանում։ Այս նախագծով լուծում տրվեց, մասնավորապես՝ մի քանի հարցերին պարզաբանում տրվեց՝ սկսած սահմանումներից, թե ինչ է հեռավար աշխատանքը և այլն, և վերահսկողությունը վերապահվեց մեզ։

Հաջորդիվ տեսչական մարմինների համակարգման գրասենյակների միջոցով կներկայացնենք առաջարկություն մեր տեսչական մարմնի կանոնադրության փոփոխության և լիազորությունների սահմանումների վերաբերյալ։ Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած մենք կսկսենք դիմում բողոքների ընդունումը, վերլուծումը և դրանց նկատմամբ վարույթների հարուցումը։ Այս փուլում վարչական վարույթների մեխանիզմով ապրիլի 30-ին Կառավարության նիստում առաջին անգամ հաստատվում է տասից ավելի ստուգաթերթեր մեր վերահսկողության 4 ուղղություններով, որոնք ևս անհրաժեշտ են։ Դա տարիներ ի վեր բացակայող հիմնական գործիքակազմն է տեսչական մարմնի կողմից ստուգում իրականացնելու համար։

-Ինչու են Հայաստանում արհմիությունները թույլ, դա կապվա՞ծ է օրենսդրության հետ, թե օրենքը կա, բայց չի աշխատում։

— Դա շատ կարևոր հարց է։ Երբ սկսվեց «Դեմ եմ» շարժումը և երբ ձևավորվեցին աշխատողների իրավունքների նախաձեռնողական խմբեր, շատ կարևոր էր և ես անընդհատ հնչեցնում էի, որ այդ խմբերը պետք է վերածվեն արհեստակցական միությունների, որոնք ցանկացած զարգացած երկրների համար հակակշիռներ են։ Այստեղ շատ կարևոր է աշխատողների իրավունքների արհեստակցական միությունների օր առաջ կայացումը և կարևորության տրամադրումը։

Եթե կարճ պատասխանեմ, ապա կասեմ, որ իրավագիտակցության խնդիր ունենք, այսինքն՝ աշխատողները ինքնուրույն պետք է ձևավորեն և սկսեն իրենց շահերը պաշտպանել և ներկայացնել հենց այդ ինտիտուտների միջոցով, իսկ պետական մարմինների, այդ թվում՝ նաև տեչական մարմինների համար աշխատանքը, բնականաբար, շատ ավելի հեշտ և ինտիտուցիոնալ կլինի արհեստակցական միության հետ, քան օրինակ՝ մարդը չի կարողանում խնդիրը ձևակերպել կամ չի կարողանում իր իրավական այն նորմերը ու հիմնավորումները ներկայացնել, որ տեսչական մարմինն իր վերահսկողությունը ավելի որակյալ և արագ իրականացնի։

Երկրորդը՝ նաև կապված է արհեստակցական միավորումների ֆինանսավորումների հետ, այս մասով ևս հիմա ունենք նախաձեռնություն, կներկայացնենք լիազոր մարմնին, թե ինչպես անել, որպեսզի արհեստակցական միությունների ֆինանսավորումները, լինեն ընդունելի վարձու աշխատողների համար։ Մյուս կողմից կարևոր է նաև, որպեսզի պետական ինստիտուտները կարևորեն արհեստակցական միությունները։

Այս երեք հիմնական պատճառներն են, որ մինչև այժմ խանգարել են այդ ինստիտուտի կայացմանը, ու ցավում եմ, որ շատ լավ նախաձեռնություններ եղել են աշխատանքային իրավունքների մասով, որոնք մնացել են հենց նածաձեռնություններ, օրինակ՝ իրենց խնդիրը լուծելուց հետո գնացել են տուն, իսկ այդ հավաքված ուժը շատ կարևոր է, որպեսզի վերաձևակերպվի ու դառնա ինստիտուտ։ Դրանք ցանկացած երկրում, այդ թվում՝ մեզնից զարգացած երկներում, կարևոր ինստիտուտներ են ցանկացած պետական կառույցին հակակշռելու համար։



Վերադառնալ